Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Ընկերս, Դուա Լիպան, Գաբրիել Ժեսուսն ու ես

Ընկերս, Դուա Լիպան, Գաբրիել Ժեսուսն ու ես
25.11.2025 | 11:38

Անգործ մնալն իր դրական կողմն էլ ունի՝ ավելի հաճախ ես փիլիսոփայում:

Ընկերոջս հետ էլի էդ գործով էինք: Այս անգամ, թե ոնց է մեր աչքի առաջ արագ փոխվում աշխարհը, թե որքան կարևոր է նոր ժամանակներին արագ հարմարվելը, մեծ հորիզոնն ու ապագան տեսնելը, անցյալում չմնալն ու նրա գերին չդառնալը: ՈՒ թե որքան ավելի հեշտ է դարձել սեփական երազանքների հետևից գնալը մեր ժամանակներում: Եթե, իհարկե, ունես երազանք ու այդ երազանքի հետևից ճախրելու թևեր, ամուր կամք ու ազատություն:

Առիթը, որ սկսեցինք փիլիսոփայել այն էր, որ AUA-ի նախկին ուսանողներիցս երկուսը, ում փողոցում հանդիպել էի նախորդ շաբաթ, հազարավոր կիլիոմետրեր էին կտրել՝ ներկա լինելու Դուա Լիպայի համերգին: Ո՞ր մի ուսանողը չէր անի նույնը, եթե հնարավորություն ունենար: ՈՒ ոչ միայն ուսանողը...

Արդեն քանի տարի է ընկերներիցս մեկը գլուխ է գովում, որ ժամանակին երկու անգամ այցելել է լոնդոնյան այն բարը, որտեղ իր երաժշտական կարիերան նոր-նոր սկսող Դուա Լիպան աշխատելիս է եղել մատուցողուհի՝ հոգալով իր առօրյա ծախսերը: Տարիներ անց տենց էլ չի հարմարվում՝ գուցե հենց Դուա Լիպա՞ն է իրեն կոկտեյլ մատուցել, իսկ ինքը չի էլ հասկացել, որ կոկտեյլի բաժակը վերցնում է ապագա գերաստղի ձեռքից:

Նույն կերպ, 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ բրազիլական Սան Պաուլո քաղաքում ապրում էի ճիշտ այն հյուրանոցում, որտեղ հետո պարզվեց, որ այդ ընթացքում աշխատում ու հացի փող էր վաստակում ֆուտբոլային ապագա գերաստղ Գաբրիել Ժեսուսը: Դե ես էլ, եթե իմանայի, թե ով է հյուրանոցում մաքրություն անող երիտասարդը, գոնե մի լուսանկար էլ իր հետ կունենայի... բացի Ռասսել Քրոու-Ջերարդ Բաթլերի հետ իմ այս հայտնի դարձած լուսանկարը, որն արագ դարձավ սոցցանցերի մեմ, ու այդ օրերին հայտնվեցի մեդիասկանդալի կենտրոնում:

Երկուսն էլ հիմա միլիոնավորների կուռքն են, հռչակավոր ու սիրված գերաստղեր, շատ ապահով կյանքով ապրող մարդիկ:

Ոչ Դուա Լիպան այլևս կարիք ունի աշխատելու բարում ու ոչ էլ Գաբրիել Ժեսուսը՝ հյուրանոցում:

Հարյուր հազարավոր մարդիկ, ուսանողներիս նման, պատրաստ են գրպանի վերջին ցենտը ծախսել՝ գնալու ու տեսնելու իրենց կուռքին բեմում կամ մարզադաշտում:

Ինչպե՞ս կդասավորվեր մատուցողուհի Դուա Լիպայի ու հյուրանոցում մաքրություն անող Գաբրիել Ժեսուսի ճակատագրերը, եթե նրանք չունենային մեծ երազանք: Եթե առօրյա հոգսերից այն կողմ չտեսնեին իրենց երազած ապագան, մեծ հորիզոնն ու աշխարհի տված մեծ հնարավորությունները: Եթե չունենային իրենց երազանքի հետևից ճախրելու ամուր կամք ու թևեր:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Անկախ դասավանդվող առարկայից, կիսամյակի ավարտին, որպես ամփոփիչ միտք, լսարանում ուսանողներիս միշտ ասում էի նույնը. have a big dream and never give up!

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ